Ավետիք Իսահակյան


Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:

Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…